Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Remarks by Mr. Zareh Sinanyan at ATN Business Forum

Remarks by Mr. Zareh Sinanyan at ATN Business Forum

Published by armeniantradenetwork, 2019-12-11 17:29:09

Description: Remarks by Mr. Zareh Sinanyan,
Chief Commissioner for Diaspora Affairs,
at the ATN Business Forum
Élite Plaza, Yerevan, October 10, 2019

Search

Read the Text Version

Remarks by Mr. Zareh Sinanyan, Chief Commissioner for Diaspora Affairs, at the ATN Business Forum Élite Plaza, Yerevan, October 10, 2019



ՀԱՐԳԱՐԺԱ՛Ն ՊԱՐՈՆ ԳԱՍՊԱՐ ԵՎ ՀԱՑ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ, ՀԱՐԳԵԼԻ՛ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ, ՆԵՐԿԱՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՐԵՐ, ՏԻԿՆԱ՛ՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱ՛ՅՔ Ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն եմ հայտնում Հայկական առևտրային ցանցի՝ Հայաստան-սփյուռք գործարար կապերի զարգացման 4-րդ խորհրդաժողովի շրջանակներում կազմակերպվող «Նորարար դարձնել Հայաստանն ու հայկական աշխարհը» թեմայով նիստին մասնակցելու համար: Ուրախ եմ, որ առիթ է ստեղծվել մեկ հարկի տակ հանդիպելու ձեզ և ներկայացնելու մեր տեսլականը, երկրում տեղի ունեցող կարևոր փոփոխությունները, դրական տենդենցները, ինչպես նաև լսելու ձեր կարծիքներն ու առաջարկները, միասին քննարկելու և ուրվագծելու Հայաստան- սփյուռք գործակցության բնագավառում հնարավոր և անհրաժեշտ անելիքները: Իհարկե, ընդհանուր առմամբ մենք գիտենք, թե ի՞նչ է սփյուռքն ակնկալում մեզանից և մեր աշխատանքներում և ապագա ծրագրերում, անշուշտ, հաշվի ենք առել դրանք, որպեսզի ստեղծենք այնպիսի պայմաններ, որ սփյուռքը չունենա որևէ խոչընդոտ Հայաստանում արարելու և ներդրումներ կատարելու համար: Բոլորս էլ գիտենք, որ այս նպատակներին հասնելու համար պետք է ստեղծենք առավել բարենպաստ պայմաններ ու միջավայր, խրախուսենք, որպեսզի սփյուռքի կարող ուժերը, արհեստավարժ մասնագետները ներգրավվեն Հայաստանում ընթացող բարեփոխումներին և, միաժամանակ, իրենց ներուժը ծառայեցնեն համահայկական մարտահրավերներին դիմակայելու համար: Հայաստանը զգալի աշխատանքներ է տանում այս ուղղությամբ և ուրախ եմ, որ կապը գնալով ավելի է սերտանում սփյուռքյան համայնքների և Հայաստանի միջև՝ ի նպաստ մեր համազգային առաջնայնությունների իրագործման: Իհարկե, մենք չունենք էներգակիրներ, սակայն մեր ամենահզոր զենքը մարդկային ներուժն է, որը պետք է կարողանանք միասին համախմբել, և, միաժամանակ, օգտագործենք այն՝ ողջ աշխարհի հետ հաղորդակցվելու, ինչպես նաև առավել արդյունավետ ձևեր գտնելու՝ Հայաստանի տնտեսությունը նաև օտարերկրյա ուղղակի ներդրումներով զարգացնելու համար: Կարծում եմ տեղյակ եք, որ Կառավարությունը ձեռնարկել է բոլոր ոլորտներում համալիր միջոցառումներ, որով մենք ակնկալում ենք կանխատեսելի արդյունքներ: Մենք գիտակցում ենք, որ միայն ու միայն բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումը կարող է բերել տնտեսական զարգացման ցանկալի ցուցանիշներ: Տնտեսական աճ ունենալու դեպքում, միանշանակ, խթանվելու են նաև այլ բնագավառները՝ կրթությունից մինչև առողջապահություն և մշակույթ, պաշտպանությունից մինչև անվտանգություն: Մեր այս տարվա արդյունքների ուսումնասիրությունը թույլ է տալիս ասել, որ նախորդ տարիների համեմատ Հայաստանը ներքին

արտադրանքի արտահանման զգալի աճ է ապահովել: Լավ աճ է գրանցվել նաև զբոսաշրջության ոլորտում: Այս արդյուքներին իհարկե հասել ենք վարչարարական մի շարք բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ու ճիշտ աշխատանքի արդյունքում: Հայաստանի Կառավարության գործունեության ծրագրում ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացման համար Հայաստանը շարունակում է իրականացնել «բաց դռների» քաղաքականություն: Սա նշանակում է, որ Հայաստանում ստեղծված են գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ դաշտ, օրենսդրորեն պաշտպանված և ազատ ներդրումային միջավայր և չի կիրառվում գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ։ Հայաստանն օգտվում է նաև «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից» (GSP), որը հնարավորություն է ընձեռում ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի շուկաներում մեր երկրում արտադրված մի շարք ապրանքատեսակներ ներմուծել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքով: Հայաստանն ընդգրկված է նաև ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) առևտրային ռեժիմից օգտվող երկրների ցանկում, ինչը նշանակում է ներմուծման զրոյական կամ նվազեցված մաքսատուրք մոտ 6400 ապրանքատեսակի համար: Ներդրումները խրախուսելու նպատակով Հայաստանում գործում են թվով երեք ազատ տնտեսական գոտիներ: Այստեղ մեծ դերակատարում կարող է ունենալ նաև սփյուռքը, քանի որ ազատ տնտեսական գոտիներում գործող ընկերություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից շահութահարկից, գույքահարկից և մաքսային տուրքից: Ազատ տնտեսական գոտիներից զատ, Հայաստանը գործարարներին առաջարկում է անընդհատ ընդլայնվող ու կատարելագործվող բարենպաստ դաշտ, ներդրումային նոր հնարավորություններ, հատկապես սահմանապահ և սահմանամերձ տարածաշրջաններում, որտեղ բիզնես գործունեությունն ազատված է ԱԱՀ-ից: Կառավարության ուշադրության կենտրոնում է նաև դեպի Հայաստան և Արցախ զբոսաշրջային այցելությունների խթանմանն ուղղված ծրագրերը: Մեր երկիրն ունի զգալի ներուժ զբոսաշրջիկին առավելագույնը տալու համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ներկայում բանակցություններ են ընթանում նոր լոուքոսթեր ավիափոխադրողներ հայաստանյան շուկա բերելու համար, ինչը, միանշանակ, ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի մեր երկիր: Հայաստանի գործարար կապերի ակտիվացման և զբոսաշրջիկների հոսքերի ավելացման նպատակով լուրջ հարթակ կարող է լինել նաև Հայկական առևտրային ցանցը, որն իր մեջ ներառում է արտերկրա տասնյակ առևտրաարդյունաբերական պալատներ ու գործարարների միություններ: Ցանցի միջոցով Հայաստանի և աշխարհասփյուռ հայ գործարարների միջև համագործակցությունը կարող է նպաստել մի շարք հարցերի լուծմանը: Օրինակ՝ Հայաստանի համար մշակված բիզնես

ծրագրերն օտարերկրյա խոշոր ընկերություններին ներկայացնելու, նրանց հետ բանակցելու, տարբեր երկրներում հայկական ապրանքների հավաստագրման ու ստանդարտացման ուղղությամբ խորհրդատվություն տրամադրելու, հայկական ընկերություններում միջազգային պահանջներին համապատասխանող արտադրական ու կառավարչական տեխնոլոգիաներ ներդնելու, այդ երկրներում հայրենական արտադրանքի ներմուծման խնդիրների լուծմանն աջակցելու, արտերկրում «Պատրաստված է Հայաստանում» բրենդն առաջ մղելու, ինչպես նաև արտերկրում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակներ հիմնելու հարցերում: Առիթն օգտագործելով ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք նախատեսում ենք հաջորդ տարվա ընթացքում կրկին կազմակերպել Հայաստան-սփյուռք ձևաչափով գործարար ֆորում և այս կապակցությամբ, իհարկե, պետք է լուրջ աշխատանք տանենք՝ համագործակցելով Հայկական առևտրային ցանցի, դրա կազմում գործող բիզնես ընկերակցությունների և կառույցների, այլ գործարար շրջանակների, սփյուռքի համայնքային կառույցների, անհատ գործարարների հետ: Վստահ եմ, որ այս ձևաչափով հանդիպումները կարևոր են՝ դեմ առ դեմ երկխոսություն ծավալելու համար և տալու են իրենց դրական արդյունքները՝ հետագա անելիքները միասին իրագործելու առումով: Մեր տեսլականում է նաև համահայկական տեղեկատվական ինտերակտիվ հարթակի ստեղծումը, որի միջոցով սփյուռքի ցանկացած գործարար, հետաքրքրված անց, առանց որևէ խոչընդոտի կարողանալու է րոպեների ընթացքում ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ Հայաստանի ընձեռած բիզնես հնարավորությունների, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Այս առումով առանցքային դեր ունեն նաև գիտության և տնտեսության բնագավառների ներկայացուցիչները, որոնք իրենց կապերն օգտագործելով կարող են լուրջ խթան հանդիսանալ ներդրումների և գործարար կապերի զարգացման համար: Ցանկանում եմ տեղեկացնել նաև, որ մենք քննարկում ենք «Մեկ պատուհանի» սկզբունքով գործող մարմին կամ աշխատանքային խումբ ձևավորելու հարցը, որում կընդգրկվեն նաև այլ գերատեսչությունների և պետական մարմինների ներկայացուցիչներ՝ սփյուռքահայերին բիզնեսի, ինչպես նաև տարատեսակ այլ հարցերում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու և տարբեր ոլորտներում սփյուռքի ներգրավման սահուն ընթացքն ապահովելու համար: Բիզնեսի և ներդրումների խթանման թիրախային ծրագրերից է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ իրականացվող «ՆերՈւժ» ծրագիրը: Այս ծրագրի իրագործմամբ և զարգացմամբ նպատակ ունենք հայկական սփյուռքի բիզնես նորարարական գաղափարներն ու ստարտափները տեղափոխել Հայաստան և մեր երկրում ձևավորել ստարտափների էկոհամակարգ: Այս տարվա ծրագրի մեկնարկն արդեն իսկ տրված է և հուսով ենք, որ տարեցտարի կունենանք լավ արդյունքներ:

Ներկայիս կարևորագույն հարցերից ենք համարում նաև սփյուռքի ներուժի քարտեզագրումը: Մենք ավելի խորքային պետք է ուսումնասիրենք սփյուռքը, հայտնաբերենք մեր ներուժը, որպեսզի կարողանանք առավել չճգրիտ քաղաքականություն իրականացնել Հայաստանի տնտեսական ոլորտում նրանց ներգրավվածության մակարդակը բարձրացնելու համար: Համոզված եմ, որ ձեզ հետ կհամագործակցենք այս հարցերում: Ուզում եմ հատուկ ընդգծել նաև, որ մեր Կառավարության կողմից իրականացվող ներդրումային քաղաքականության հիմնական ուղղություններից են լինելու ներդրողների շահերի պաշտպանության և երաշխիքների տրամադրման ինստիտուտների ամրապնդումը, ներդրողների հետ թիրախավորված անհատական աշխատանք տանելը: Անշուշտ, ներդրումների ներգրավման գործընթացը մեկ օրվա գործ չէ, դրա համար պետք է տանել հետևողական ու մանրակրկիտ աշխատանք: Որպես Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար` վստահեցնում եմ ձեզ, որ դուք բոլորդ ունեք Կառավարության աջակցությունը: Ամփոփելով խոսքս, ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ այն հսկայական պոտենցիալը, որ ունի հայ ժողովուրդը, միասնաբար պետք է ճիշտ օգտագործենք մեր բոլորի Հայրենիքը հզոր, բարեկեցիկ դարձնելու համար: Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ գալիք նախաձեռնություններում և, առիթն օգտագործելով, բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու գալիք տարվա բիզնես ֆորումին, որի ժամկետների և այլ մանրամասների մասին ձեզ առաջիկա ամիսների ընթացքում կտեղեկացնենք: Շնորհակալություն: ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆ


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook